Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 2

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 2
20.12.2025 | 11:28

Սկիզբը՝ այստեղ

Գիտությունը գլուխկոտրուկի առջև է

«3I/ATLAS» անվանումը ստացած օբյեկտն այսօր, ըստ աստղագետների չափումների, Մոսկվայի ժամանակով 07:15-ին գտնվում էր երկրից նվազագույն՝ 269 մլն կմ հեռավորության վրա:

«Դա գիսաստղ է, մեր գիտնականները գիտեն, թե ինչ է կատարվում,- այսօր պատասխանելով ուղիղ գծի ձևաչափով հանրության հետ կապին համատեղ մեծ մամուլի ասուլիսի ընթացքում տրված հարցին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:- Ընդ որում, դա մեկ այլ գալակտիկայի գիսաստղ է, այդ պատճառով այն իրեն այնպես չի պահում, ինչպես մեր գալակտիկական ծագման գիսաստղերը»:

Գուցե գիսաստղ է, բացառել դա չեմ կարող, չեմ էլ ցանկանում: Սակայն պարոն Պուտինի հանդեպ իմ ողջ հարգանքով հանդերձ, կասկածում եմ, թե Ռուսաստանի և, ընդհանրապես, աշխարհի գիտնականները գիտեն, թե ինչ է կատարվում: Այս հետևությանն եմ հանգել ամիսներ շարունակ հնարավորինս հետևելով 3I/ATLAS-ի վերաբերյալ հրապարակվող հսկայածավալ տեղեկատվությանը:

3I/ATLAS-ի հատկանիշների, բնութագրերի, վարքի հետ կապված, մեղմ ասած, տարօրինակությունները բացատրել սոսկ նրանով, որ այն մեկ այլ գալակտիկայի գիսաստղ է, նշանակում է դեռ ոչինչ չբացատրել, որովհետև գիտության մեջ բացատրելը նշանակում է ներկայացնել պատճառահետևանքային ողջ շղթան, այսինքն՝ տվյալ դեպքում հայտնաբերել 3I/ATLAS-ի այս կամ այն հատկանիշը, բնութագիրը, բաղադրությունը, կառուցվածքը, գիտականորեն ապացուցել դրա գոյությունը և գիտականորեն հիմնավորել, որ տվյալ տիեզերական օբյեկտի այս կամ այն տարօրինակությունը բխում է հենց դրանից, պայմանավորված է հենց դրանով: Միանգամայն հասկանալի է, որ դա Պուտինը չէր անելու, առավել ևս՝ մամուլի ասուլիսի և ուղիղ գծի ընթացքում, սակայն 3I/ATLAS-ի մի շարք տարօրինակությունների առնչությամբ այդ բացատրությունը չի եղել նաև գիտնականների կողմից:

Հենց այստեղ հարկ է ընդգծել, որ Արեգակնային համակարգի գիսաստղերից 3I/ATLAS-ի տարբերությունները, այդ թվում և նրանք, որ ի համեմատ վերջիններիս, 3I/ATLAS-ն ավելի շատ ածխաթթու գազ է պարունակում և ավելի քիչ ջուր, և որ նրա միջուկի կեղևը, ի տարբերություն մեր համակարգի գիսաստղերի, այլ է և Արևին մոտենալիս, նրա մակերևույթի վրա այլ գործընթացներ են տեղի ունենում, ինչ-որ բան այլ տեսք ունի, չեն բացատրում կամ առնվազն ամբողջապես չեն բացատրում շատ հեռուներից եկած 3I/ATLAS-ի բոլոր տարօրինակությունները, որովհետև այդ դեպքում, կրկնում եմ, պետք է ներկայացնել պատճառահետևանքային ողջ շղթան, օրինակ, ինչից է բաղկացած 3I/ATLAS-ի միջուկի կեղևը, ինչ կառուցվածք, հատկանիշներ ունի, ինչպես նաև ցույց տալ, բացատրել, հիմնավորել, որ դրանք կարող էին հանգեցնել միջաստղային տիեզերական մարմնի հենց այն տարօրինակություններին, որոնք աստղագետները նկատել, արձանագրել են 3I/ATLAS-ի մոտ:

3I/ATLAS-ի ծագման վայրի հետ կապված էլ խառնաշփոթ է, անհասկանալի է, թե ՌԴ նախագահը որտեղից է վերցրել, որ այն մեկ այլ գալակտիկայի գիսաստղ է, երբ, օրինակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նաթան Էյսմոնտը RT-ի հետ զրույցում ասել է, որ «Նույնիսկ մոտավորապես հայտնի է, թե որ ուղղությունից է թռչել այս օբյեկտը՝ գիսաստղը, մոտավորապես մեր գալակտիկայի կենտրոնից: Աղեղնավոր համաստեղությունից, այս ուղղությունից» (ընդգծումը՝ մերը):

Նույն միջոցառման ընթացքում պատասխանելով 3I/ATLAS-ի վերաբերյալ լրագրողի տված հարցին, Պուտինը նաև կատակել է.

«Քրիստինա, ես ձեզ կասեմ, բայց դա պետք է մնա բացառապես մեր միջև, դա գաղտնի տեղեկատվություն է,- ասել է ՌԴ նախագահը:- Դա մեր գաղտնի զենքն է, բայց մենք այն կկիրառենք միայն ծայրահեղ դեպքում»:

Կարծում եմ, այսպիսի լուրջ հարցի պատասխանելիս, կատակի, հումորի օգնությանն են դիմում, երբ սքողելու ինչ-որ բան կա կամ հայտնի չէ, թե 3I/ATLAS-ն իրականում ինչ է իրենից ներկայացնում: Հոգեբաններին այս վիճակը, կարծում եմ, լիովին հասկանալի է: Եթե 3I/ATLAS-ն իրականում այլմոլորակայինների զոնդ է կամ աստղաթիռ, ապա, ի՞նչ է, կարծում եք, թե Պուտինն այդ մասին պետք է բացեիբաց հայտարարե՞ր… Պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո համամոլորակային ինչ խուճապ կառաջանար և ինչ հարցեր առաջ կգային…

Հարվարդի համալսարանի գիտնական Ավի Լեբն ավելի վաղ այն կարծիքն էր հայտնել, որ 3I/ATLAS-ի նման տիեզերական օբյեկտները կարող էին Երկրի վրա կյանք սերմանելու այլմոլորակային քաղաքակրթությունների ծրագրի մի մասը լինել: Իսկ ի՞նչ է ասել նա այսօր, պատասխանելով «Известия»-ին: Աստղաֆիզիկոս, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ավի Լեբը հայտարարել է 3I/ATLAS միջաստղային օբյեկտի անսովոր անոմալիաների դիտարկման մասին: Վերջերս հայտնաբերված միջաստղային 3I/ATLAS-ը, ըստ նրա, կարող է արհեստական ծագում ունենալ:

Նա նշել է, որ 3I/ATLAS-ը դարձել է 3-րդ հայտնի մարմինը, որը ժամանել է Արեգակնային համակարգի դրսից: Աստղաֆիզիկոսը նշել է մի քանի տարօրինակ առանձնահատկություններ. օբյեկտի ուղեծիրը գտնվում է գրեթե նույն հարթության վրա, ինչ մոլորակների ուղեծրերը (պատահականության հավանականությունը 500-ից 1-ն է), նրա պտտման առանցքը ցույց է տալիս Արևը (պատահականության հավանականությունը՝ 0,5%), ինչպես նաև նկատվում է անոմալ «հակապոչ»՝ մոտ 1 մլն կմ երկարությամբ նյութի շիթ, որն ուղղված է ոչ թե Արեգակից այս կողմ, ինչպես գիսաստղերի դեպքում է, այլ ուղիղ դեպի Արեգակը (նկատենք՝ ինչպես պետք է լինի հենց Արեգակից հեռացող այլմոլորակայինների զոնդի կամ աստղաթիռի դեպքում):

«Այս բոլոր երկրաչափական անոմալիաները ձեզ ստիպում են մտածել այն մասին, թե օբյեկտի հետագծի մեջ արդյոք ինչ-որ ձևավորում եղե՞լ է»,-ասել է Լեբը:

Հարվարդի համալսարանի պրոֆեսորը հավելել է, որ գազային շլեյֆի բաղադրությունը 87 տոկոսով բաղկացած է ածխաթթու գազից, ինչը բնորոշ չէ գիսաստղերին, իսկ արտանետումներում հայտնաբերվել է նիկել գրեթե առանց երկաթի խառնուրդների, ինչը բնորոշ է արդյունաբերական համաձուլվածքներին:

Աստղագետն ընդգծել է, որ այս պահին ամենահավանական բացատրությունը դեռ այն է, որ 3I/ATLAS-ը հազվագյուտ բնական սառցե օբյեկտ է, որը ժամանել է հեռավոր աստղից: Սակայն նա կոչ է արել «միտքը բաց պահել» այլ հնարավորությունների համար և առավելագույն տվյալներ հավաքել, երբ օբյեկտը Երկրին 269 մլն կմ հեռավորության վրա է:

Եթե օբյեկտը պարզվի, որ այլմոլորակային տեխնոլոգիա է, դա կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել, ուստի մարդկությունը պետք է ակտիվորեն դիտի և ուսումնասիրի նման հյուրերին տիեզերքի խորքից, ասել է Լեբը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ